Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ժողովրդի գլխի վրայից թռչել ոչ մեկը չի կարող»

«Ժողովրդի գլխի վրայից թռչել ոչ մեկը չի կարող»
28.10.2008 | 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԵՐԿԱՐ ՉԻ ՍՊԱՍԵԼՈՒ»
Ընդդիմության վերջին որոշման՝ հանրահավաքային պայքարի ժամանակավոր սառեցման թեմայով զրուցում ենք ՀԺԿ քաղխորհրդի անդամ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
-Ընդդիմության այս քայլը միանշանակ չընկալվեց, հատկապես իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք շտապեցին հայտարարել, թե շարժումը մարում է։ Հայ ազգային կոնգրեսի այսօրինակ ռազմավարությունն ընդունելի՞ է ՀԺԿ-ի համար։
-Նախ՝ կոնգրեսում որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն՝ դա ընդհանուր որոշման արդյունք էր։ Անշուշտ, սա միանշանակ չընդունվեց նաև կոնգրեսի ներսում, քանի որ կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ դադար պետք չէ, մյուսներն էլ կողմ էին այս քայլին։ Ամեն դեպքում, որոշումը բոլորի համաձայնությամբ է կայացվել։ Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից մարող շարժման շուրջ խոսակցություններին, պետք է հստակ նշեմ, որ շարժումը չի մարում, քանի որ այն ոչ երեկ, ոչ էլ անցյալ տարի է սկսվել։ Ժողովուրդն այս իշխանություններին չի ընդունել 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Շուրջ տասը տարի այս շարժումը չի մարում, ուստի հիմա էլ այն չի կարող մարել։ Շարժումը լինելու է, քանզի ժողովուրդը չի ընդունելու, ըմբոստանալու և պայքարելու է այս որակի իշխանությունների դեմ։ Եթե նրանք հույս ունեն, որ հանրահավաքների դադարեցմամբ շարժումը մարելու է, շատ իզուր։ Թող իրենք մտածեն երկիրը նորմալ հուն բերելու, անօրինականությունները դադարեցնելու, չխայտառակվելու մասին, ոչ թե «դարդ անեն»՝ ընդդիմությունը հանրահավաք կանի՞, թե՞ ոչ։
-Մտավախություն չունե՞ք, որ հանրահավաքների դադարեցմամբ կոնգրեսից հիասթափված մարդկանց թիվը կավելանա։
-Կան մարդիկ, ովքեր օբյեկտիվ պատճառներով օր առաջ փոփոխություններ են ուզում տեսնել, որովհետև շարքային քաղաքացիների կյանքը գնալով բարդանում է և՛ ֆինանսական, և՛ տնտեսական, և՛ բարոյական իմաստով։ Կան մարդիկ, ովքեր հասկացան, որ այս քայլն անհրաժեշտ էր։ Ոմանք էլ անհրաժեշտ բացատրությունների կարիք են զգում, և այժմ կոնգրեսն այդ բացատրական աշխատանքներն է իրականացնում։ Շրջանները կտրված են մայրաքաղաքից, ու տեղեկատվություն չեն ստանում, նույնիսկ շատ շրջաններում տեղյակ էլ չեն ծրագրային մարտավարական փոփոխությունների մասին։ Այս իսկ պատճառով կոնգրեսը որոշում է կայացրել ուժեղացնել աշխատանքները շրջաններում։ Այսինքն, մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլին, ինչը շատ կարևոր է։
-Իսկ այդ փուլը որքա՞ն կտևի, հաջորդ հանրահավաքին երկա՞ր պետք է սպասել։
-Դա կախված է ոչ միայն կոնգրեսի անդամներից, այլև քաղաքական գործընթացներից։ Չեմ կարծում, թե շատ երկար կսպասեն, քանի որ հասարակությունը փոփոխությունների կարիք ունի։
-Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը՝ հնարավոր սպառնալիքները նշելով և փաստելով, որ մինչև տարեվերջ հիմնախնդիրը լուծում կստանա։ Դուք և՞ս դեպքերի նման զարգացումը հավանական եք համարում։
-Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին խոսակցությունները մենք վաղուց ենք լսում, իսկ այն, որ իրավիճակը թեժանում է, տեսնում և զգում ենք։ Դրա ապացույցն են նաև աջից, ձախից, հյուսիսից, արևմուտքից այցելությունները Հայաստան։ Պարբերաբար այսպիսի զարգացումների ականատես ենք եղել։ Այսօր խնդիրը հետևյալն է. և՛ մեր ռազմավարական գործընկերները, և՛ մեզ ժողովրդավարության գործում աջակցողները օգտագործում են ղարաբաղյան խնդիրն իրենց շահերն այստեղ հաստատելու համար։ Իսկ մենք հերթական անգամ դառնում ենք խաղաքարտ այս անգամ ոչ թե երկու, այլ երեք-չորս խաղացողների արանքում։ Չեմ կարծում, թե ղարաբաղյան հարցն արագ լուծում կստանա, բայց որ կփորձեն հակամարտությունն օգտագործելով ինչ-ինչ խնդիրներ լուծել, միանշանակ է։ Այս իշխանությունների պարագայում սա շատ ավելի հեշտ է լինելու։ Արդյունքում միակ տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, որն օրեցօր թուլանում է, կորցնում իր վարկանիշը՝ հետ ընկնելով և՛ տնտեսական, և՛ քաղաքական գործընթացներից։
-Իշխանամերձ ուժերը կտրականապես հերքում են, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է Ղարաբաղը հանձնելու՝ հանուն իր իշխանության պահպանման։ Ձեր գնահատականը։
-Չէի ցանկանա սևեռվել միայն մեկ անձի վրա։ Սա լուրջ խնդիր է, և մեկ անձի որոշելիքը չէ, որքան էլ նա մեծ ցանկություն ունենա իր իշխանությունը պահելու։ Այստեղ կարողանալ- չկարողանալու խնդիր կա։ Բայց որ չի կարելի հույսը դնել մեր իշխանավորների բարոյականության, պետական մտածողության վրա, փաստ է։ Երկրորդեմ՝ սա միանձնյա որոշում կայացնելու խնդիր չէ, հայ ժողովրդի հավաքական կարծիքն է էական, որի գլխի վրայից թռչել ոչ մեկը չի կարող։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3950

Մեկնաբանություններ